Նոյեմբերի 29 2018

Եվրասիա միջազգային համալսարանը վերահավատարմագրվեց ևս 4 տարով

Հարգելի գործընկերներ, դասախոսներ,ուսանողներ, շրջանավարտներ

ՀՀ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը» Եվրասիա միջազգային համալսարանում ինստիտուցիոնալ վերահավատարմագրման պահանջների բացահայտման նպատակով մեկ տարվա ընթացքում կատարեց բազմակողմանի փորձաքննություններ և գնահատումներ։ Այսօր դրանք ավարտվեցին։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը Եվրասիա միջազգային համալսարանին շնորհեց ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով։ Փաստորեն, նախկինում անժամկետ հավատարմագրման գործընթաց անցած (2002 թ․), այնուհետև որակի նկատմամբ նոր պահանջներ առաջադրող ինստիտուցիոնալ հավատարմագրման երկու տարվա գործընթացը հաղթահարելուց հետո Եվրասիա միջազգային համալսարանը համարձակորեն մասնակցեց նաև ինստիտուցիոնալ հավատարմագրման նոր գործընթացին և վերահավատարմագրվեց ևս 4 տարով։
​Մեր իրականության մեջ համալսարանական գործունեության այս խիզախումը նախ և առաջ ուսուցման որակի ապահովման նոր պահանջներ առաջադրող պետական կառույցների նկատմամբ պրոֆեսորադասախոսական կազմի, վարչական անձնակազմի, ուսանողության, շրջանավարտների և նույնիսկ ծնողական համայնքի կողմից պատրաստակամության և հարգանքի դրսևորում է։ Ավելին, անընդհատ բարեփոխվող կրթական համակարգի, մասնավորապես բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների առջև պետության կողմից դրված նոր խնդիրների ու պահանջների կատարման ու համապատասխանեցման գործընթացը շարունակական է և պարտադիր։ Այս փաստը կարևորվում է նաև մասնագիտական կրթական շուկայում ինքնահաստատման և հասարակության կողմից վստահության դրսևորման խնդրի լուծելիության տեսանկյունից, որովհետև վերահավատարմագրման փաստը մրցակցային առավելության հասնելու մի նոր հնարավորություն է ստեղծում։
Մենք համոզված ենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում նոր եվրոպական մշակույթի ներդրման միջոցով մասնագիտական կրթական որակյալ գործունեության իրականացումը և պետության կողմից ճանաչումը մի նոր խթան կարող է հանդիսանալ համալսարանի հետագա գործունեության և հատկապես Ձեր մասնակցությամբ կառավարման խորհրդում հաստատված ռազմավարական ծրագրի կատարման համար։
​​Հարգելիներս,շնորհավորում եմ Ձեզ այս բացառիկ հաջողության համար։ Չափազանց մեծ է նաև Ձեր անմիջական մասնակցությունը ԵՄՀ վերահավատարմագրման գործընթացին․ Դուք Ձեր գործունեությամբ և աջակցությամբ իսկապես մեզ օգնեցիք։
Հարգանքներով՝
Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր, աշխ.գիտ.դոկտոր պրոֆեսոր Սուրեն Օհանյան