Դեկտեմբերի 04 2018

Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության հուշագիր «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ

Ս.թ. նոյեմբերի 30-ին Եվրասիա միջազգային համալսարանում յուրահատուկ իրադարձություն էր: Համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը և Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ստորագրեցին համագործակցության հուշագիր, որի նպատակն է համատեղ նպաստել հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների գծով մասնագետների պատրաստման գործընթացին, ներդնել և զարգացնել նոր կրթական ծրագրեր ավագ դպրոցի ու բարձրագույն կրթության, հետբուհական ուսումնառության մակարդակներում, իրականացնել ոլորտին առնչվող գիտական հետազոտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ տնտեսության մեջ բարելավել կառավարման մշակույթը` կրթական ծրագրերի իրականացման միջոցով հաստատել փոխշահավետ և բազմաբնույթ համագործակցային հարաբերություններ:

«Ընթացիկ բարեփոխումների հետ կապված բարձրագույն մասնագիտական կրթությունը գտնվում է անցումային փուլում: Համընդհանուր տեսականացված մասնագիտական ուսուցումն աստիճանաբար իր տեղը զիջում է գործնական մասնագիտական հմտություններին: Մեր նպատակն է զուգակցել տեսական և գործնական ուսուցումը, ինչի համար անհրաժեշտ է համագործակցել բիզնես ոլորտի հետ, և «Տեղեկատվական համակարգեր» մասնագիտության կրթական ծրագիրը իրականացնել «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության հետ համատեղ», — նշեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը:

«Լինելով Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկը, մենք ծայրահեղ շահագրգռված ենք մասնագիտական կրթության զարգացման մեջ, հատկապես որ ուսանողները մեզ մոտ գան որոշակի գործնական հմտություններ և փորձ ունենալով։ Մենք ողջունում ենք բուհերի հետաքրքրվածությունն այս հարցում և պատրաստ ենք ամեն կերպ աջակցել նրանց ու կիսվել մեր փորձով ու գիտելիքներով», — նշեց Հայաստանում Beeline գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո Անդրեյ Պյատախինը անցկացրեց վարպետության դաս՝  «Բիզնեսը և ռազմավարական որոշումները. ճիշտ որոշումներ ընդունելու գաղտնիքները» թեմայով: Թեմայի շրջանակներում ընկերության ղեկավարը լսարանին ներկայացրեց իրավիճակը ճիշտ ուսումնասիրելու քայլերը, խորհուրդ տվեց նաև իրավիճակը գնահատելիս ուշադրություն դարձնել հիմնական  առանցքային գործոններին և ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից: Այդուհանդերձ բանախոսը ոգևորեց ուսանողներին՝ խորհուրդ տալով համարձակորեն ռիսկի գնալ և չվախենալ սխալվելուց, ինչպես նաև կիսվեց հաջողության հասնելու իր անձնական փորձով ու գաղտնիքներով։

Ինտերակտիվ հանդիպման արդյունավետությունը փաստեց ուսանողների ոգևորվածությունը: