Հունվարի 31 2018

ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնը քննարկում է մասնագիտական կրթական ծրագրերի վերջնարդյունքները գործատուների հետ

2018թ. հունվարի 30-ին ԵՄՀ «Տեմպուս» սրահում տեղի ունեցավ Օտար լեզուների և գրականության բակալավրի և մագիստրատուրայի մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքների կլոր-սեղան քննարկում, որին ներկա էին գործատուները, նույն ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը, ոլորտի մասնագետները և ուսանողները: Հանդիպումն իրականացվեց  ԵՄՀ կրթական ծրագրերի վերամշակման նպատակով: Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնի վարիչ Սոնա Հակոբյանը, ով նախ շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ մասնավորապես գործատուներին՝ կլոր-սեղան քննարկմանը ներկա գտնվելու համար և ողջունեց վերջիններիս մասնագիտության կրթական ծրագրերի վերանայման գործում ցուցաբերած ակտիվ գործունեության համար: Այնուհետև նա հակիրճ ներկայացրեց սահմանված վերջնարդյունքները և առաջարկեց գործատուներին ներկայացնել իրենց առաջարկները յուրաքանչյուր կետի շուրջ: Առաջարկները հիմնականում վերաբերում էին բակալավրի կրթական ծրագրի որոշ վերջնարդյունքների՝ մագիստրատուրայի կրթական ծրագրում ներառելուն, մեթոդաբանության վրա շեշտադրմանը, ինչպես նաև ուսանողների մոտ որոշակի կարողությունների ձևավորմանը. դասավանդման ժամանակ թիմում ընդգրկված մասնակիցների հետ աշխատելու ճկունություն, պատրաստակամություն և այլն: Գործատուների կողմից հնչեց նաև դիրքորոշում, որ վերջիններս փորձում են վերհանել ուսանողների ռեսուրսները՝ նպաստելով նրա կայացմանը: Առաջարկ եղավ Հայաստանում Անգլերեն դասավանդողների Ասոցիացիայի (AELTA) կողմից ԵՄՀ Օտար լեզուների և գրականության ամբիոնին  մասնակցել վերջիններիս կողմից կազմակերպվող միջոցառումներին, ինչպես նաև համագործակցության շրջանակներում կազմակերպել նաև միջոցառումներ, կոնֆերանսներ ԵՄՀ-ում: Ս.Հակոբյանը հավանություն տվեց հնչած բոլոր առաջարկներին՝ փաստելով, որ նշված առաջարկները կարող են հանդիսանալ կրթական գործընթացի կարևոր փոփոխությունների հիմք:

Հիշեցնենք, որ մասնագիտության կրթական ծրագրերի վերամշակման նպատակով իրականացվել է ազգային ու միջազգային բենչմարքինգ, վերամշակվել են ԵՄՀ օտար լեզու և գրականություն մասնագիտության գծով վերջնարդյունքները, որոնք գնահատել և դրանց մասին փորձագիտական կարծիք են տվել գործատուները: Գնահատմանը մասնակցել են նաև ուսանողներ և դասախոսներ, շրջանավարտներ։ Այս գնահատումների սահմաններում պարբերաբար իրականացվել են գործատուների հետ հանդիպումներ: