Մարտի 08 2019

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի ուղերձը Մարտի 8-ի կապակցությամբ

Եվրասիա միջազգային համալսարանի, հենակետային վարժարանի սիրելի՛ աշխատակիցներ, ուսանողներ, համայն աշխարհի հայուհիներ,

Ջերմորեն և խոնարհաբար շնորհավորում եմ բոլորիդ Մարտի 8-ի՝ գարնանային տոնի և միամսյակի առթիվ: Իմ խորին համոզմամբ հայ կնոջ դերը անգնահատելի է: Դեռ վաղ ժամանակներից կինը հայերի մոտ համարվում էր ընտանիքի հիմքը՝ «մայր աղբյուր», «կենսատու», «շունչ և կյանք», հեթանոսական դիցարանում կարևոր դեր էին խաղում Անահիտ, Աստղիկ և Նանե աստվածուհիները, քրիստոնեության մուտքից հետո կնոջ պաշտամունքն արտահայտվել է Աստվածամոր կերպարով: Պատմության մեջ էական հետք են թողել թագուհիները՝ Էրատոն, Փառանձեմը, Զապելը:

Անուրանալի է հայ կնոջ դերակատարությունը ազգապահպանության գործընթացում, Եղիշեի «փափկասուն տիկնանց» նման միշտ եղել եք հայրենիքի պաշտպանության առաջամարտիկներից: Ձեր ավանդի և նվիրումի շնորհիվ դարեր շարունակ եղել եք մեր մշակույթի և ընտանեկան ավանդույթների կրողն ու շարունակողը: Այստեղ տեղին է հիշել մեծն Նժդեհի խոսքերը. «Հայրենապաշտպանորեն դաստիարակենք հայ կինը և նրան թողնենք մեր մատաղ սերնդի դաստիարակության գործը. նրա պաշտպանության ու գուրգուրանքին հանձնենք մեր մայրենի լեզուն, Եռագույնը, անկախության Մասիսը` սրբությունները մեր ցեղի»:

Դուք միշտ Ձեր գործունեությամբ զարկ եք տվել մեր կրթության զարթոնքին և առաջընթացին. առանձնանում եք նորարարությամբ, կառուցողական առաջարկություններով, եվրոպական կրթական մշակույթի ներդրման նախաձեռնություններով:

Կրկին շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն, նոր ու լուսավոր հորիզոններ մասնագիտական ոլորտներում և ներդաշնակություն Ձեր ընտանիքներում: Թող որ Ձեր օրերը լցված լինեն խինդով ու ծիծաղով, յուրաքանչյուր վայրկյան պարուրված լինեք սիրով ու գարնանաբույր ջերմությամբ: