Հոկտեմբերի 04 2017

ԵՄՀ պատվիրակությունը սեպտեմբերի 18-ից 26-ը աշխատանքային այցով մեկնել էր Իսպանիայի Վալենսիա համալսարան

ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանի գլխավորած պատվիրակության այցի հիմնական նպատակն էր Վալենսիա համալսարանի հետ ուսումնական և հետազոտական ոլորտներում համագործակցության խորացումը։

ԵՄՀ պատվիրակությունն այցի ընթացքում հանդիպեց Վալենսիա համալսարանի Ռեկտոր Էստեբան Մորթիլո Սանչեսի, ինչպես նաև Միջազգայնացման և զարգացման գծով պրոռեկտորի հետ։ Վերջիններս ներկայացրեցին ավելի քան 500 տարվա պատմություն ունեցող բուհի առանձնահատկությունները և ռազմավարական ուղղությունները, հայտնեցին պատրաստակամություն խորացնելու համագործակցությունը՝ ներառելով նոր ոլորտներ։
Այցի ընթացքում ԵՄՀ աշխատանքային խումբը հանդիպեց Վալենսիա համալսարանի Որակի ապահովման կենտրոնի ղեկավարի և թիմի հետ, ծանոթացավ երկրի արտաքին հավատարմագրման համակարգին և մոտեցումներին, ինչպես նաև բուհի ներքին ապահովման համակարգի առանձնահատկություններին։

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Միջազգային կապերի և զարգացման կենտրոնում, որի աշխատակիցները ներկայացրեցին կարողությունների զարգացման, հետազոտական, ինչպես նաև շարժունության ծրագրերը։ Միջազգային կապերի կենտրոնի տնօրեն Կառլոս Պոմերը ներկայացրեց երկու համալսարանների համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև արդեն առկա Էրազմուս + Գործողություն 1-ի շրջանակներում ԵՄՀ ուսանողների և դասախոսների համար նախատեսված հնարավորությունները, որոնք հաստատվեցին պայմանագրով։

Աշխատանքային խումբը հնարվորություն ունեցավ նաև շրջելու բուհի լաբորատորիաներում, պատմական թանգարաններում և մասնաշենքերում, ծանոթանալու բուհի երկարամյա պատմությանը և ավանդույթներին։

Նշենք, որ նախորդ տարում ԵՄՀ 6 ուսանող ԵՄ կողմից հովանավորվող Էրազմուս + ծրագրի շրջանակներում արդեն իսկ հնարավորություն են ունեցել սովորելու պատմական այս բուհում, ևս երեք ուսանող կընտրվեն և կմեկնեն առաջիկայում։