Նոյեմբերի 27 2017

ԵՄՀ ուսանողները բացահայտում են հայոց գրքի և գրատպության ակունքները

Հազարամյա տարիների պատմություն ունեցող հայ ժողովուրդի համար գիրքն ու գրատպությունը միշտ եղել են ազգապահպանության հզոր զենք, որը փոխանցվել է դարերով և ժամանակի ընթացքում կատարելագործվել  տպագրության միջոցով՝ ժառանգություն թողնելով սերունդներին պատմական փաստերն ու գիտական ձեռքբերումները:

 Ս.թ. նոյեմբերի 24-ին տպագրության արվեստը Գրատպության թանգարանում նորովի բացահայտեցինԵվրասիա միջազգային համալսարանի մի խումբ ուսանողներ: Թանգարանը, որը ներկայացնում է հայ գրատպության 500-ամյա պատմությունը՝ սկսած նախագրային շրջանից, ստեղծվել է Հայաստանի ազգային գրադարանում և հանդիսանում է հայերեն տպագիր արտադրանքի ամենամեծ պահոցը: Հավաքածուն ընդգրկում է  հնատիպ գրքեր, կլիշեներ, տպագրական մեքենաներ և այլն:

Ուսանողների հետաքրքրությունը էլ ավելի մեծացավ, երբ էքսկուրսավարը ներկայացրեց հայ գրատպության առաջնեկներին. առաջին գիրքը՝ «ՈՒրբաթագիրքը»(Վենետիկ 1512 թ.), հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը (Ամստերդամ 1666-1668թթ.),առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյցը», (1695թ. Ամստերդամ), հայկական առաջին պարբերականը՝ «Ազդարարը», (1794-96թթ. Մադրաս): «Հայկական գրատպության սփյուռքը» սրահում ուսանողները ծանոթացան  այն հիմնական երկրներին ու քաղաքներին, որտեղ գործել են հայկական տպարաններ և տպագրվել հայերեն գրքեր:

Ուսանողների համար առավել ոգևորիչը նոր տեխնոլոգիաներով հագեցած թանգարանում ստեղծված  ոչ ֆորմալ կրթության ինտերակտիվ միջավայրն էր:

Տպավորիչ այցի արդունավետության մասին  իրենց գոհունակությունը հայտնեցին ԵՄՀ ուսանողները՝ պայմանավորություն ձեռք բերելով հաջորդ այցը կատարել միջազգային ուսանողների հետ միասին՝ վերջիններիս ծանոթացնելով իրենց նախնիների կողմից ժառանգած գրքերին ու գրատպությանը:

Շրջայցի ավարտին հաջորդեց այցը Հայաստանի ազգային գրադարան, որտեղ ուսանողները ծանոթացան շուրջ 6.3 մլն հաշվարկային միավոր ունեցող գրադարանի պատմությանը և իմացան, որ տարբեր տարիներին գրադարանի ընթերցողների շարքում եղել են նաև մի շարք  անվանի հայ գրողներ. Ավետիք Իսահակյան, Դերենիկ Դեմիրճյան, Պարույր Սևակ, Նաիրի Զարյան, հայտնի գիտնականներ Վիկտոր Համբարձումյան, Սերգեյ Մերգելյան, Ջոն Կիրակոսյան և շատ ուրիշներ:  Ոգևորիչ էր նաև այն փաստը, որ օրական շուրջ 900 ընթերցող ունեցող  գրադարանի այցելուների շարքում են նաև օտարազգի մի շարք գիտնականներ և հետազոտողներ: