Հոկտեմբերի 27 2018

ԵՄՀ ունի Ուսանողական խորհրդի նոր նախագահ և Ուսանողների իրավունքների պաշտպան

Ս.թ. հոկտեմբերի 25-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ Ուսանողական խորհրդի նախագահի և Ուսանողների իրավունքների պաշտպանի ընտրությունները:

Նախքան ընտրատեղամասը բացելը՝ հանձնաժողովի անդամները ընտրական հանձնաժողովի նախագահի կարգադրությամբ օրենքով սահմանված կարգով և վիճակահանությամբ ստանձնեցին իրենց պարտականությունները: Աչալուրջ էին նաև թեկնածուների վստահված անձիք և դիտորդները, ովքեր վերահսկեցին ընտրական ամբողջ գործընթացը:

 

ԵՄՀ ուսանողների ճնշող մեծամասնությունը մասնակցեց ընտրություններին՝ տալով վստահության քվե իր նախընտրած թեկնածուի օգտին:

Ձայների հաշվարկից հետո ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ լարված ընտրապայքարում «կողմ» ձայների բացարձակ մեծամասնությամբ Ուսանողական խորհրդի նախագահ է ընտրվել «Կառավարում» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Կարարապետյանը, իսկ Ուսանողների իրավունքների պաշտպան՝ «Իրավագիտություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Նոնա Ադունցը:

ՈւԽ նոր նախագահին և Ուսանողների իրավունքների պաշտպանին առաջինը շնորհավորեց Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով իր խոսքում նշեց, որ, ստանձնելով ողջ ուսանողության վստահությունը, նրանք մի նոր ուղին են հարթում իրենց ուսանողական կյանքում:

Ռեկտորը կարևորեց ոչ միայն ներբուհական , այլև՝ արտաբուհական նախաձեռնությունները: Նա հաջողություն մաղթեց Անուշին և Նոնային իրենց ծրագրերի իրագործման ճանապարհին և համոզմունք հայտնեց, որ

ձևավորված նոր ուսանողական խորհուրդը հերթական լուսավոր էջը կբացի Եվրասիա միջազգային համալսարանի պատմության գրքում։