Մայիսի 16 2018

ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի արտագնա վերապատրաստումը Ծաղկաձորում

Միջազգային փորձը ընդհանրացնելու, համալսարանական ուսուցումը առավել արդյունավետ և նպատակաուղղված կազմակերպելու համար 2018 թ. մայիսի 12-13-ը Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիրում Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեց երկօրյա վերպատրաստման դասընթաց, որին մասնակցեցին ԵՄՀ պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը, ուսանողներն ու շրջանավարտները:

Արտագնա դասընթացները ընթացան համալսարանի Կառավարման խորհրդի նախագահ, կենս.գիտ.դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանի անմիջական նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ: Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄՀ ԿԽ նախագահ Սամվել Պիպոյանը և ռեկտոր Սուրեն Օհանյանը, ովքեր կարևորեցին ԵՄՀ գործընթացների որակին միտված վերապատրաստման դասընթացները և մաղթեցին մասնակիցներին համատեղ ու արդյունավետ թիմային աշխատանք: Այնուհետև ԵՄՀ Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանը մասնակիցներին ներկայացրեց վերապատրաստման դասընթացների բովանդակությունը, ընթացքը և վերջնարդյունքները՝ մասնավորապես ընդգծելով, որ հանդիպումների ավարտին  մասնակիցները կկարողանան հստակ ձևակերպել կրթական վերջնարդյունքներ դասընթացի համար, ընտրել կրթական վերջնարդյունքներին համապատասխան արդյունավետ դասավանդման և ուսումնառության մեթոդներ, կազմել իրատեսական աշխատածավալով դասընթաց, մշակել կրթական վերջնարդյունքներին համարժեք գնահատման մեթոդներ, կազմել ձևավորող գնահատման գործիքներ, մշակել խառը դասընթացներ՝ կիրառելով Moodle կրթական բովանդակության կառավարման գործիքները: Ծանոթանալով նախնական աշխատանքային ծրագրին՝ մասնակիցները բաժանվեցին խմբերի՝ իրականացնելու գործնական առաջադրանք՝գնահատելով տրամադրված առարկայական ծրագրերը՝ ըստ ձևաչափի:
Քննարկումներից հետո թիմերը ներկայացրին իրենց կողմից վերանայված առարկայական ծրագրերի համար առաջարկներ՝ հստակ ապահովելով ՄԿԾ վերջնարդյունքների, դասընթացի վերջնարդյունքների, ուսուցման և ուսումնառության, ինչպես նաև՝ գնահատման մեթոդների փոխկապվածությունը: Հաջորդիվ  մասնակիցներին տրվեց հերթական առաջադրանքը՝ գնահատելու մշակված գործիքակազմը: Ուսումնասիրելով տրամադրված ձևավորող գնահատման գործիքները՝ բարելավման նպատակով ներկայացվեցին թիմային առաջարկություններ: Զեկույցների շուրջ ծավալվեց ակտիվ քննարկում:

Հանդիպման երկրորդ օրվա ընթացքում շարունակվեցին ակտիվ քննարկումները  «Ուսումնառության կառավարման Moodle համակարգի կիրառման հմտությունները» թեմայի շրջանակներում, որը ներկայացրին ԵՄՀ Ռազմավարական զարգացման գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանը և գրադարանավար Լիլիթ Հարությունյանը:

Թեման առաջացրեց մի շարք հարցեր մասնակիցների մոտ, և ծավալվեց բուռն բանավեճ: Իրենց փորձը ներկայացրին նաև միջազգային փոխանակման ծրագրին մասնակցած ուսանողները և շրջանավարտները, ովքեր թեմայի շրջանակներում խոսեցին եվրոպական բուհերում վիրտուալ համակարգի գործիքների մասին, անցկացրին համեմատականներ: Օրակարգի համաձայն հաջորդը «Խառը դասընթացի կազմման առանձնահատկությունները» թեման էր, որը վարեց Արևիկ Օհանյանը: Առողջ բանավեճի արդյունքնում հնչեցին մի շարք առաջարկություններ:

Թիմային երկօրյա աշխատանքների արդյունավետության մասին իր ամփոփիչ խոսքում փաստեց ռեկտոր Սուրեն Օհանյանը, ով շնորհակալություն հայտնեց ամբողջ աշխատակազմին, ուսանողներին և շրջանավարտներին ակտիվ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար, կարևորեց արտագնա և համատեղ աշխատանքները, իսկ Սամվել Պիպոյանին ուղղեց առանձնահատուկ երախտիքի խոսք, ով, որպես ԿԽ նախագահ,  իր նախաձեռնող և կառուցողական գործելաոճով  մշտապես բուհի կողքին է : Հանդիպման վերջում Սամվել Պիպոյանը իր խոսքում ընդգծեց, որ երկօրա դասընթացները ստացան դրական հանգուցալուծում, թիմերը ցուցաբերեցին կառուցողական աշխատանք, իսկ բովանդակային առաջարկությունները կնպաստեն բուհի ուսումնական գործընթացի արդյունավետ ընթացքին:

 

Հավելենք, որ արտագնա վերապատրաստումները Եվրասիա միջազգային համալսարանում ձևավորել են գեղեցիկ ավանդույթ, որի ավարտին տրվում է վկայական: