Հոկտեմբերի 24 2018

ԵՄՀ-ն պատրաստվում է Ուսանողական խորհրդի նախագահի և Ուսանողների իրավունքների պաշտպանի ընտրություններին

 

ՈՒսանողական խորհուրդը (ՈւԽ) Եվրասիա միջազգային համալսարանի կարևորագույն կառույցներից մեկն է: Լինելով բարձրագույն ընտրովի մարմին՝  ՈւԽ-ն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման գործընթացում, կառավարման համապատասխան մարմինների քննարկմանն է ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր, աջակցում է ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ուսուցման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերի մշակմանն ու իրականացմանը, և այլն: Ուստի, տալով իրենց վստահության քվեն, ուսանողությունը ձևավորվում է իր համապատասխան ներկայացուցչական մարմինը, և ընտրվում է համապատասխան անձը, ով ստանձնում է պատասխանատվություն համալսարանական հասարակական կյանքում ակտիվ գործունեություն ծավալելու: Յուրաքանչյուր Ուսանողական խորհուրդ՝ ի դեմս նախագահի,  իր ժամանակի հրամայականն է՝ իր ժամանակի հետաքրքրություններով, նպատակներով և խնդիրներով, հնարավորություններով և ցանկություններով:

Առանձնահատուկ կառույց է նաև ԵՄՀ Ուսանողների պաշտպանը, որը, ղեկավարվելով արդարության և մարդասիրության սկզբունքներով, ինչպես նաև ՀՀ օրենքներով և ԵՄՀ իրավական ակտերով, իրականացնում է դասախոսների, վարչական անձնակազմի և տնօրինության կողմից ուսանողի խախտված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Ուսանողի իրավունքի պաշտպան կարող է դառնալ Եվրասիա միջազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բարձր առաջադիմություն ուսանողը. այն ևս ընտրովի մարմին է:

Այս ուսումնական տարում ևս ԵՄՀ-ում կազմակերպվելու են ՈւԽ նախագահի և Ուսանողների իրավունքների պաշտպանի ընտրությունները, իսկ նախքան այդ՝ ս.թ. հոկտեմբերի 23-ին, բուհում կազմակերպվեց բանավեճ-հանդիպում, որի ժամանակ թեկնածուները ներկայացրին իրենց նախընտրական ծրագրերը, որոնք նպաստելու են ուսանողության համար բարենպաստ միջավայրի ձևավորմանը, խթանելու են ուսանողների գիտական, կրթական, հոգևոր, ստեղծագործական ու ֆիզիկական զարգացմանը:

Մաղթենք մեր թեկնածուներին հաջողություն առաջիկա ընտրություններում և հիշեցնենք, որ այսօր հայտարարված է լռության օր: