Հոկտեմբերի 23 2018

ԵՄՀ –ն մասնակցեց «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը»  խորագրով տարածաշրջանային սեմինարին

Ս.թ. հոկտեմբերի 15-16-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ «Գիտական հետազոտությունների որակի ապահովումը» խորագրով տարածաշրջանային սեմինար, որին մասնակցեցին ԵՄՀ Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի պատասխանատու Նունե Ջոմարդյանը և Օտար լեզուների և գրականության ամբիոնի դասախոս, բանասիրական գիտություննների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը: Միջոցառումն անցկացվեց  Էրազմուս+ ծրագրի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների (ԲԿԲՓ) տեխնիկական աջակցության առաքելության (Technical Assistance Mission) շրջանակներում:

Սեմինարի նպատակն էր օժանդակելու որակի ապահովման մեխանիզմների հատուկ շրջանակի մշակմանը, որը կնպաստի հետազոտական որակի բարձրացմանը հատկապես կրթական երրորդ մակարդակում: Երկօրյա հանդիպումների ժամանակ ներկայացվեց միջազգային փորձը և դրա հիման վրա ՀՀ-ում ոլորտի զարգացման ուղիները, կազմակերպվեցին թիմային աշխատանքներ: Քննարկվող հարցերի շարքում էին՝ ինչպես զարգացնել գրելու, հրատարակելու և ներկայացման հմտություններ, ինչպես մշակել հետազոտական և նորարարական դասընթացներ և այլն:

Միջոցառմանը մասնակցեցին  Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ Հայաստանից, Վրաստանից և Ուկրաինայից, ինչպես նաև հայաստանյան բուհերի դասախոսներ, Որակի ապահովման բաժնի աշխատակիցներ, ասպիրանտներ:

Տարածաշրջանային սեմինարը վարեցին միջազգային փորձագետներ Մելիտա Կովաչևիչը (Զագրեբի համալսարան, Խորվաթիա) և Ալեհ Չերպը (Լունդի համալսարան, Շվեդիա և Կենտրոնական եվրոպական համալսարան, Հունգարիա):

 

Մանրամասն՝ https://goo.gl/Ea3qvv