Սեպտեմբերի 19 2018

ԵՄՀ-ն ընդլայնում է  համագործակցության հորիզոնները

2018թ. սեպտեմբերի 10-14-ին Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր Սուրեն Օհանյանը  Որակի ապահովման կենտրոնի ղեկավար Արևիկ Օհանյանի և Ռազմավարական գծով պրոռեկտոր Հովհաննես Հարությունյանի հետ միասին գտվում էր Վորոնեժում (Ռուսաստանի Դաշնություն): Այս օրերին վերջիններս մասնակցեցին ԵՄ և գործընկեր երկրների բարձրագույն կրթության, հետազոտության և նորարարության բնագավառների միջազգայնացման ներդաշնակ մոտեցումների զարգացման ծրագրի (HARMONY) կոնսորցիումի հերթական հանդիպմանը, որն այս անգամ կայացավ Վորոնեժի պետական համալսարանում: Հանդիպման ընթացքում ծրագրի անդամ բուհերը՝ այդ թվում Եվրասիա միջազգային համալսարանը, ներկայացրին իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Սակայն այն միակ առիթը չէր: Ս.թ. սեպտեմբերի 13-ին Եվրասիա միջազգային համալսարանը ստորագրեց համագործակցության պայմանագիր Վորոնեժի պետական համալսարանի հետ, որը հնարավորություն է ընձեռում իրականացնել բակալավրիատի և մագիստրատուրայի համատեղ կրթական ծրագրեր, կազմակերպել կադրերի վերապատրաստումներ՝ միջազգային կրթական պահանջներին համապատասխան,  սեմինարներ, դասախոսություններ, գիտական քննարկումներ, համատեղ իրականացնել հետազոտական աշխատանքներ, ստեղծել միջբուհական ամբիոններ, կազմակերպել ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաները, ակադեմիական շարժունակությունը, համատեղ մասնակցել գիտահետազոտական միջազգային դրամաշնորհային ծրագրերին:

Համագործակցության վերաբերյալ մանրամասն այստեղ՝  http://www.vsu.ru/ru/news/feed/2018/09/10088