Նոյեմբերի 30 2017

ԵՄՀ մագիստրոսը կիսում է արտասահմանում ստացած կրթական փորձն ու գիտելիքները

2017թ. նոյեմբերի 29-ին «Սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման հիմնական միջոցները»  թեմայով զեկույցով հանդես եկավ «Կառավարում» մասնագիտության մագիստրատուրայի  2-րդ կուրսի ուսանողուհի Արմինե Մանասյանը, ով  Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում իր  ուսումնառությունը  անց է կացրել  Լիտվայի Միկոլաս Ռոմերիս հեղինակավոր  համալսարանում: Զեկույցի թեման ընտրված էր Էլեկտրոնային բիզնեսի տեղեկատվական համակարգերը առարկայից։ Հանդիպման սկզբում Ա․Մանասյանը ներկաներին ուղղված հարց ու պատասխանի սկզբունքով սահմանեց «տվյալ» և «տեղեկատվություն» հասկացությունները, այնուհետև անդրադարձավ այն փաստին, որ ժամանակակից բիզնես աշխարհում սպառողը բրենդի մասին տեղեկատվություն ստանում է հենց բրենդը ներկայացնող կամ միջնորդ ընկերություններից, որը շատ հաճախ նպաստում է նրանց՝ գնման մասին որոշումներ կայացնելուն։ Իսկ այդ տեղեկատվությունը սպառողին է հասցեագրվում համացանցի միջոցով, ավելի  կոնկրետ,  բիզնեսին օգության են գալիս հենց սոցիալական կայքերը, ինչպիսիք են  Facebook, Twitter, Google+, LinkedIn  և այլն:

Օն-լայն բիզնես կառուցելու և տեղեկատվությունը արագ և արդյունավետ տարածելու համար հաճախ հարկ է լինում օգտվել տեղեկատվության կառավարման որոշակի գործիքներից, որոնք օգնում են կազմակերպություններին խնայել իրենց ժամանակը և կարող են օգտագործվել մարքեթինգի, հետազոտության, հրապարակման, վերահսկողության, հաճախորդներին ծառայություններ մատուցելու, պլանավորման, վերլուծության, նույնիսկ աշխատակազմին կառավարելու և մի շարք այլ նպատակներով: Ամենահայտնի գործիքների՝ հավելվածների թվին են դասվում Everypost-ը, Sprout Network-ը, Tailwind Systems-ը, Social Pilot-ը, Pyrus-ը, Social media-ն, DrumUp-ը, Pagemodo-ը, Followers-ը, որոնց նկարագրերին անդրադառնալիս Ա․Մանասյանը թվեց դրանցից յուրաքանչյուրի առավելությունները,  ինչպես նաև խոսեց այն դժվարություններից և խոչընդոտներից, որոնց բախվել էր տվյալ առաջադրանքը կատարելիս։

Հանդիպման վերջում բանախոսին ուղղվեցին մի շարք հարցեր, որոնք առնչվում էին ինչպես տեսական մասին, այն է՝ տվյալ հավելվածները տեղայնացնելուն, բուհի օրինակով կիրառման նպատակայնությանը և այլն, այնպես էլ՝ առահասարակ Էրազմուս+ ծրագրին։

Հիշեցնենք, որ հանդիպումը կազմակերպվել էր ԵՄՀ միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի  և Կառավարման ամբիոնի հետ համատեղ, որին ներկա էին ԵՄՀ ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմը։