Մայիսի 16 2018

ԵՄՀ դասախոսը մասնակցեց միջազգային փոխանակման ծրագրին

Եվրասիա միջազգային համալսարանը, Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի շրջանակներում ակտիվ համագործակցելով եվրոպական առաջատար բուհերի հետ,  մշտապես խրախուսում է նաև դասախոսների միջազգային փոխանակումը:

Այս անգամ` 2018թ. մայիսի 7-11-ը, փոխանակման ծրագրին մասնակցեց և Միկոլաս Ռոմերիս համալսարանում (Լիտվա) դասախոսություններով հանդես եկավ ԵՄՀ Կառավարման ամբիոնի դասախոս, տնտ.գիտ.թեկնածու Ալիկ Ստեփանյանը:

Նա հյուրընկալող բուհի բակալավրի ուսանողներին ներկայացրեց  դասախոսություններ «Երկրորդային տվյալների վերլուծություն» թեմայով, իսկ մագիստրատուրայի ուսանողներին` «Մարքեթինգային հետազոտություն, փուլերը, գործիքները» թեմայով:

Ա. Ստեփանյանի հետ մեկտեղ դասավանդման միջազգային շաբաթվա ընթացքում փոխանակման ծրագրի շրջանակներում դասախոսություններ են ունեցել նաև  Ֆրանսիայի, Հոլանդիայի, Բելգիայի, ԱՄՆ-ի Բելոռոսի և Կոսովոյի ներկայացուցիչները:

Հավելենք, որ Եվրասիա միջազգային համալսարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն, հետագայում Ալիկ Ստեփանյանը ձեռք բերած փորձն ու այցի արդյունքները կներկայացնի իր գործընկերներին և հետաքրքրված ուսանողներին: