Մայիսի 23 2018

Դատախաղ- բաց դաս «իրավագիտություն» մասնագիտության ուսանողների մասնակցությամբ  

2018թ. մայիսի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում «Քրեական դատավարություն 2» առարկայի շրջանակներում տեղի ունեցավ դատախաղ-բաց դաս, որին մասնակցեցին «իրավագիտություն» մասնագիտության ուսանողները: Ուսանողները  հանդես   եկան   դատախազի, հանրային պաշտպանի, ամբաստանյալի, վկաների, նիստերի քարտուղարի, տուժողի և կարգադրիչի դերերում, իսկ դատավորի դերում հանդես եկավ նույն ամբիոնի դասախոս Մարտին Մանուկյանը: Դատախաղի միջոցով ուսանողները հնարավորություն ունեցան կիրառել մինչ այդ ստացած տեսական գիտելիքները, զարգացնել գործնական կարողություններն ու հմտությունները: Դատավարության նմանակման խաղն վերաբերում էր հասարակական վայրում խուլիգանական արարքին՝ սպանության սպառնալիքներով: 

«Ոտքի՛, դատարա՛նն է գալիս» հրամանից հետո դատական նիստերի դահլիճում քար լռություն տիրեց: Դատավոր Մարտին Մանուկյանը դատական նիստը համարեց բացված: Ապագա իրավաբանին բնորոշ համարձակությամբ և ինքնավստահությամբ, առանց կաշկանդվելու դատավարության կողմերը ներկայացրին իրենց պահանջներն ու առարկությունները՝ հաջորդաբար դահլիճ հրավիրելով գործով վկաներին: Պարզելով գործի հանգամանքները և լսելով մեղադրող ու պաշտպանող կողմերին՝ սահմանված կարգի համաձայն դատարանն անցավ խորհրդակցական սենյակ` դատավճիռ կայացնելու: Նկատի ունենալով կատարած արարքի բնույթը, հասարակական վտանգավորության աստիճանը, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները և ղեկավարվելով ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով՝ դատարանը մեղավոր ճանաչեց ամբաստանյալին կատարած հանցագործության համար:

Դատախաղից հետո ուսանողներն ու դասախոսները քննարկեցին դատախաղի ընթացքը, նրա ուժեղ և թույլ կողմերը: