Օգոստոսի 30 2017

Գիտխորհրդի նիստ՝ 2017-18 ուստարվան ընդառաջ

2017-18 ուստարվան ընդառաջ, սույն թվականի օգոստոսի 30-ին, տեղի ունեցավ Եվրասիա միջազգային համալսարանի (ԵՄՀ) Գիտական խորհրդի առաջին նիստը, ո­րը վա­րում էր ­խորհր­դի նա­խա­գահ պրոֆեսոր Ս. Օհանյանը:

Նիս­տի օ­րա­կար­գում ներառված  էին ԵՄՀ ընդունող հանձնաժողովի հաշվետվությունը 2017-18 ուստարվա ընդունելության և նոր կիսամյակում ուսումնական գործընթացի ժամանակացույցի, մասնագիտությունների կրթական ծրագրերի , ուսումնական պլանների, դասացուցակների հաստատման վերաբերյալ հարցերը, ինչպես նաև ԵՄՀ ինստիտուցիոնալ  կարողությունների ինքնավերլուծության և փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման աշխատանքների կատարման ընթացքի, ներբուհական գիտահետազոտական դրամաշնորհների, ԵՄՀ «Բանբեր» գիտական պարբերականի հրատարակման հետ կապված հարցերը: Օրակարգի կարևոր կետերից էր նաև նոր ուսումնական տարում ԵՄՀ բիզնես դպրոցի նոր ձևաչափով գործելու և մի շարք այլ հարցեր:

Նիստի սկզբում միաձայն քվեարկությամբ հաստատվեց գիտական խորհրդի նոր կազմը:

Այնուհետև հանգամանորեն քննարկվեցին օրակարգային հարցերը.  Եվրասիա միջազգային համալսարանում նոր ուստարում կատարվելիք աշխատանքները, բացահայտվեցին ուսուցման գործընթացին առընչվող խնդիրները,  անդրադարձ կատարվեց բուհի կողմից նոր ներբուհական դրամաշնորհ հայտարարելու հարցին: Գիտխորհրդի անդամները առավել հանգամանալից քննարկեցին և ամփոփեցին նախորդ կիսամյակում միջազգային  փոխանակման ծրագրերին մասնակցած ուսանողների ուսուցման արդյունքները և վաստակած կրեդիտների համապատասխանության հարցերը : Նաև որոշվեց կառուցվածքայնորեն վերափոխել  ԵՄՀ-ում Բիզնես դպրոցը՝ այն հարստացնելով նոր ծրագրերով, մասնավորապես վերջինիս կազմում ներառելով Օտար լեզուների ուսուցման կենտրոնը: Անդրադարձ կատարվեց  նաև սեպտեմբերի 26-28-ը Հայաստանի երկու բուհերում՝ ԵՄՀ-ում և Սլավոնական համալսարանում, կայանալիք «Հարմոնի» միջազգային ծրագրի մասնակից 18 բուհերի ներկայացուցիչների աշխատանքային այցի կազմակերպական հարցերին:

Օրակարգային հարցերի վերաբերյալ ընդունվեցին համապատասխան որոշումներ: Ամփոփելով նիստը՝ Ս. Օհանյանը համարեց այն արդյունավետ և նշեց, որ նոր ուստարում նախատեսված են բուհի զարգացմանն ուղղված  մի շարք հավակնոտ ծրագրեր, որոնց կենսագործումը կնպաստի բուհի առաջընթացին: