Դեկտեմբերի 23 2017

Գիտաժողով «Կրթության կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

2017թ. դեկտեմբերի 22-ին Եվրասիա միջազգային համալսարանում տեղի ունեցավ գիտաժողով՝ «Կրթության կառավարման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով: Գիտաժողովին պաշտոնական բացման խոսքով հանդես եկավ ԵՄՀ ռեկտոր, աշխ.գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով ողջունեց ներկաներին, կարևորեց կրթության կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրների ուղղությամբ իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես օրենսդրական դաշտի փոփոխությունը, և հույս հայտնեց, որ այս գիտաժողովը ևս միտված կլինի նոր բարեփոխումներին: Այնուհետև բանախոսները, օրակարգի համաձայն, անցան զեկույցների ներկայացմանը: Գիտաժողովը առանձնահատուկ էր նրանով, որ այն կրում էր միջբուհական բնույթ. զեկույցներ էին ներկայացրել նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը: Կազմակերպված համատեղ քննարկումը վերաբերում էր ոչ միայն պետական, այլ նաև ինստիտուցիոնալ մակարդակով կրթության կառավարման հիմնախնդիրներին:  Մասնավորապես, բարձրաձայնված հարցերի շարքում ներառված էին համալսարանական կառավարման բարելավումը, ուսանողի և շրջանավարտի առաջընթացին հետևելու  ռազմավարական նշանակությունը:  Քննարկման ընթացքում շոշափվեցին նաև մի շարք առարկաների դասավանդման մեթոդական բարեփոխումներին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն դարձվեց  անգլերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման ժամանակակից մոտեցումներին և դրանից բխած ճիշտ մեթոդների ընտրությանը, լսարանային կառավարմանը, ուսուցման օպտիմալացմանը:

Գիտաժողովի ընթաքում հնչած տեսակետներն ու մեկնաբանությունները լավագուն ուղենիշներ հանդիսացան կառավարման և դասավանդման մեթոդների կատարելագործման հարցում: