Հոկտեմբերի 27 2018

Գիտագործնական սեմինար՝ «Սոցիալական արդարությունը որպես սոցիալական պետության հիմնական սկզբունք» թեմայով

Ս.թ. հոկտեմբերի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանի իրավագիտության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց գիտագործնական սեմինար՝ «Սոցիալական արդարությունը որպես սոցիալական պետության հիմնական սկզբունք» թեմայով, որը վարեց Միջազգային կապերի և հետազոտությունների կենտրոնի ղեկավար, իրավագիտության ամբիոնի վարիչի տեղակալ, դասախոս Նունե Ջոմարդյանը: Ն. Ջոմարդյանը լսարանին ներկայացրեց վերոնշյալ թեմայով արված իր հետազոտությունը:  Վերլուծելով սոցիալական արդարության բնորոշման մի շարք տեսակետներ՝  այդ թվում ՀՀ Սահմանադրության համապատասխան հոդվածները,  նա առաջարկեց սոցիալական արդարության իր սեփական բնորոշումը: Ըստ Ն.Ջոմարդյանի ուսումնասիրության՝ սոցիալական արդարության սկզբունքն իր փաստացի դրսևորման մեջ ունի ցուցիչներ կամ այլ կերպ ասած՝ չափանիշներ, որոնց միջոցով հնարավոր է գնահատել պետության ուժեղ և թույլ կողները: Այդ չափանիշների շարքում նա առաձնացրեց աղքատության կանխարգելումը, կրթության մատչելիությունը, աշխատաշուկայում  ներգրավվածությունը, սոցիալական համախմբվածությունը և խտրականության արգելումը, առողջությունը, սերունդների միջև արդարությունը: Որպես ընդհանուր սոցիալական բնույթի ցուցիչներ նա մանրամասն ներկայացրեց կենսաապահովման նվազագույն զամբյուղը և մարդկային զարգացման համաթիվը (մարդկային զարգացման ինդեքս), իսկ կոնկրետ հասցեական բնույթի ցուցիչներ՝  նվազագույն ամսական աշխատավարձը, այնուհետև մեջբերեց վիճակագրական տվյալներ:

Սեմինարը հիմնված էր պրակտիկ օրինակների վրա, որի ընթացքում հանդիպման մասնակիցները բանախոսին ուղղեցին մի շարք հարցեր: