Մարտի 31 2018

Գիտագործնական սեմինար՝ «Արբիտրաժը և մեդիացիան որպես քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ Հայաստանի Հանրապետությունում» թեմայով

 

 

2018թ-ի մարտի 28-ին Եվրասիա միջազգային համալսարանում կայացավ իրավագիտության ամբիոնի կողմից կազմակերպված «Արբիտրաժը և մեդիացիան որպես քաղաքացիաիրավական վեճերի լուծման այլընտրանքային եղանակներ Հայաստանի Հանրապետությունում» թեմայով գիտագործնական սեմինար, որը վարեց իրավագիտության ամբիոնի դասախոս Արմինե Չոբանյանը:

Գիտագործնական սեմինարը վերաբերում էր քաղաքացիաիրավական վեճերի քննության այլընտրանքային եղանակներին, որտեղ ամփոփ ներկայացվեցին առևտրային արբիտրաժի և մեդիացիայի գործընթացներն իրենց համապատասխան ընթացակարգերով:

Ա. Չոբանյանն անդրադարձավ նաև առևտրային արբիտրաժի և մեդիացիայի որոշումների պարտադիր կամ ոչ պարտադիր լինելու հանգամանքներին:

Ներկայացվեց նաև վերջին տարիներին ուշադրության կենտրոնում գտնվող   իրավաբանական պրակտիկայում վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներին առնչվող խնդիրները, որն իր հերթին պայմանավորված է հիմնականում թե´ միջազգային արբիտրաժի` որպես միջազգային առևտրատնտեսական հարաբերություններից բխող վեճեր լուծող մարմնի դերի ու հեղինակության աճով ,և  թե´ մեդիացիայի` որպես միջազգային վեճերի լուծման լավագույն մեթոդի ընդլայնմամբ:

Ա. Չոբանյանի կողմից մեջբերվեց այն միտքը, որ զարգացած իրավական համակարգ ունեցող երկիր, իրականացնելով արբիտրաժային կենտրոնում գործառնվող վեճերի լուծման բոլոր դրական կողմերը, նպաստում է իր երկրում արբիտրաժային և մեդիացիոն (միջնորդական) մշակույթի զարգացմանը:

Հավելենք, որ վերջին ժամանակներում Հայաստանի Հանրապետությունում ևս արժևորվում է վեճերի լուծման այլընտրանքային եղանակների օգտագործման (պրակտիկ կիրառման) նշանակությունը:

Ներկաները, փաստելով թեմայի արդիականությունը, ոգևորված հնչեցրին բազմապիսի հետաքրքրաշարժ հարցեր, որոնց  հետազոտող-սեմինարավարը տվեց սպառիչ պատասխաններ: