Հունիսի 23 2017

Բացահայտվում են համաշխարհային խաղաղության տեղական արմատները

2017թ. հունիսի 23-ին Եվրասիա միջազգային համալսարանում տրվեց «Համաշխարհային խաղաղության տեղական արմատները» թեմայով երկօրյա գիտաժողովի մեկնարկը: Համաժողովը կազմակերպել են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ՀՀ), Սթոնհիլ համալսարանը (ԱՄՆ) և Եվրասիա միջազգային համալսարանը (ՀՀ) համատեղ:

Համաշխարհային խաղաղության վերաբերյալ երիտասարդական միջազգային երկրորդ գիտաժողովը նպատակ ունի կատարել հակասական և գրեթե անհամատեղելի միտումների վերաբերյալ վերլուծություններ և բացահայտումներ, ինչպես նաև ստեղծել երկխոսության հարթակ քաղաքական նույն խնդիրը միավորող երկրների ներկայացուցիչների միջև:

Գիտաժողովի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԵՄՀ ռեկտոր, պրոֆեսոր՝ Սուրեն Օհանյանը, ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի վաստակավոր պրոֆեսորներ՝ Ռիչարդ Ֆինեգանը և Աննա Օհանյանը, ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակ

Ողջունելով ներկաներին` ԵՄՀ ռեկտոր Սուրեն Օհանյանը շեշտեց գիտաժողովի կարևորությունն ու ամենամյա միտումը, նշելով, որ. «Ցանկացած տեղական կոնֆլիկտ մեծ պոտենցիալ ունի վերածվելու գլոբալ, մեծ խնդրի: Եվ այսպիսի գիտաժողովները նպատակ ունեն ժամանակին բացահայտել նման խնդիրները և դրանց լուծման համար ուղիներ որոնել»:

Բացման խոսքով հանդես եկավ նաև Ռիչարդ Ֆինեգանը: Բանախոսը հատկապես շեշտեց Learning Inside Out ծրագրի կարևորությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ուսանողներին տարբեր հասարակական կազմակերպություններում պրակտիկաներ անցնելուն և հետազոտություններ կատարելուն: Խոսքի ավարտին Ռիչարդ Ֆինեգանը նշեց, որ հպարտ է Սթոնհիլ համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի համագործակցության արդյունքներով:

ԱՄՆ-ի Սթոնհիլ համալսարանի պրոֆեսոր Աննա Օհանյանը ներկայացրեց խնդրի կարևորությունը և գիտաժողովի կազմակերպման անհրաժեշտությունը տարածաշրջանում: 21-րդ դարը արդարացիորեն համարելով կենտրոնախույս համաշխարհային քաղաքականության ժամանակաշրջան։ Աննա Օհանյանը կարևորեց խնդրի միջազգայնացման հարցը և համալսարանների համագործակցությունը:

ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության երևանյան գրասենյակի (USAID) ղեկավար Դեբորա Գրիզերը մանրամասն անդրադարձ կատարեց խնդրի պատմությանն ու արդիականությանը, ներկայացրեց տարբեր երկրներում իր ունեցած փորձը և կատարեց մի շարք հետաքրքիր բացահայտումներ. զուգահեռներ անցկացրեց Աֆրիկյան երկրների և ԱՄՆ-ի միջև՝ անդրադառնալով և՛ կրթական, և՛ տնտեսական, և՛ քաղաքական ոլորտներում ընթացող զարգացումներին: Ելույթի ավարտին Դեբորա Գրիզերը ողջունեց հատկապես երիտասարդների մասնակցությունը այս գիտաժողովին և կոչ արեց լինել համբերատար, համառ ու երբեք չնահահանջել, քանի որ համաշխարհային խաղաղության զարգացումները թեև ընթանում են դանդաղ, սակայն արդյունքները ոգևորիչ են:

Վազգեն Կարապետյանը ներկաներին ողջունեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամի անունից: Թեմայի շուրջ արտահայտելով իր կարծիքը բանախոսը նշեց, որ այսպիսի գիտաժողովները նոր գիտելիքի ստացման և տարբեր երկրների միջև պրոֆեսիոնալ երկխոսության հարթակի ստեղծման հրաշալի հնարավորություն են:

Ներկաներին ողջունեց և իր երախտագիտությունը հայտնեց կազմակերպիչներին նաև Նիկալայ Մայքլ Կաչոն: Ով նույնպես կարևորեց գիտաժողովին հատկապես երիտասարդ-հետազոտողների մասնակցությունը:

Գիտաժողովը ԵՄՀ-ում կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ և ամենամյա դառնալու միտում ունի: