Ապրիլի 27 2018

Արդյունավետ հաղորդակցման ձևերը միջազգային փոխանակման շրջանակներում

2018թ. ապրիլի 26-ը Եվրասիա միջազգային համալսարանում «Ինչպես փոխանցել գաղափարներ և ճիշտ հաղորդակցվել» թեմայով վերապատրաստման դասընթացների երկրորդ օրն էր, որը վարեց Սանտիագո դե Կոմպոստելայի համալսարանի պրոֆեսոր, հաղորդակցական գիտությունների թեկնածու Խոսե Ա. Նեիրա Քրուզը: Հանդիպման սկզբում սեմինարավարը մասնակիցներին ներկայացրեց արդյունավետ հաղորդակցման ուղեցույցը՝ մասնավորապես շեշտադրելով վերջինիս կարևորությունը բանակցությունների գործընթացում: Բանախոսը անդրադարձավ նաև կազմակերպությունում հաղորդակցության առանձնահատկություններին, աշխատակիցների գործառույթներին, այդ փոխհարաբերություններում արդյունավետ հաղորդակցման հմտություններին:  Դասընթացավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հաղորդակցման էթիկայի վրա՝ որպես փոխազդեցության գործընթացի առանձնահատուկ տարր:

Հանդիպման երկրորդ մասում թիմերը ներկայացրին իրենց  կողմից մշակված հաղորդակցման մոդելները մամուլի ասուլիսի, քարզչության և պաշտոնական հաղորդակցության միջոցներով:    Ներկայացված  իրավիճակների հիմնական նպատակն էր՝ ցույց տալ հաղորդակցման առանձնահատկությունները: Յուրաքանչյուր ներկայացում քննարկվեց և մեկնաբանվեց մյուս թիմերի կողմից, որոնք փորձեցին գնահատել, թե որքանով տվյալ բանախոսը (գաղափար առաջադրողը) կարողացավ իր խոսքը  հասանելի դարձնել լսարանին (գաղափար ստացողին): Այնուհետև  նշված իրավիճակները վերլուծվեցին փորձագետի կողմից՝ ցույց տալով բանավոր խոսքը ճիշտ հասցեագրելու մեխանիզմները:

Հիշեցնենք, որ երկօրյա հանդիպումները կազմակերպվեցին Եվրասիա միջազգային համալսարանի և Սանտիագո դե Կոմպոստելա համալսարանի (Իսպանիա) համագործակցության  շրջանակներում՝ Էրազմուս+ միջազգային փոխանակման ծրագրի համատեքստում:

Հավելենք, որ վերապատրաստման դասընթացներին մասնակցում էին տարբեր բուհերի դասախոսներ և ուսանողներ: