Փետրվարի 05 2019

Ավարտվեց  «Միջազգայնացմանը միտված համալսարանական ռազմավարությունների խթանումը միջազգային բենչմարքինգի միջոցով» թեմայով միջազգային աշխատաժողովը

Ս.թ. փետրվարի 5-ին ավարտվեց  Եվրասիա միջազգային համալսարանի և Էրազմուս Պլյուս ՀՀ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի  նախաձեռնությամբ կազմակերպած «Միջազգայնացմանը միտված համալսարանական ռազմավարությունների խթանումը միջազգային բենչմարքինգի միջոցով» թեմայով միջազգային երկօրյա սեմինար-վերապատրաստումը: Միջազգային աշխատաժողովի երկրորդ օրվա մեկնարկն ազդարարեց Հայաստանում Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա կարևորեց միջազգայնացումը և  Էրազմուսի դերը այս գործընթացում: Լ.Կառլովան անհրաժեշտություն համարեց ձևավորել եվրոպացի ուսանողների և դասախոսների շրջանում  հայկական բարձրագույն կրթությունը տարածականացնելու և գրավիչ դարձնելու  մշակույթ և որպես ձեռքբերում՝  նշեց կարճաժամկետ այսօրինակ աշխատաժողովների կազմակերպումը, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու խնդիրներից բխող արդիական թեմաներ միաջազգային փորձագետների հետ:

Աշխատանքները շարունակեց Բելգիայի Ակադեմիական համագործակցության ասոցիացիայի (ACA) փոխտնօրեն Իրինա Ֆերենցը: Նա ներկայացրեց  ռազմավարության, ցուցանիշների և բենչմարքինգի օրինակներ ազգային և ինստիտուցիոնալ մակարդակներում: Այնուհետև մասնակիցները թիմային աշխատանքի միջոցով ներքոհիշյալ հարցերի հիման վրա կազմակերպեցին քննարկում.

  • որքանով է ազգային հետազոտական քաղաքականությունը համապատասխանում համալսարանի միջազգային քաղաքականությանը,
  • որքանով է բարձրագույն կրթության իրականացումը կապակցված հայաստանյան համալսարաններում իրականացվող դասավանդման և ուսուցման հետ,
  • ինչպես կարող են նվազեցվել միջազգայնացմանը միտված խոչընդոտները:

Օրակարգով զեկուցմամբ հանդես եկավ  Հայաստանում  Ամերիկյան համալսարանի փոխնախագահի օգնական Անահիտ Օրդյանը, որը ներկայացրեց բուհի միջազգայնացման ռազմավարության լավագույն փորձը՝ մարտահրավերները, մոտեցումները, տեսլականը:

Հանդիպումն ամփոփվեց քննարկումների արդյունքնում սահմանված առաջարկությունների ներկայացմամբ. այն է՝ կազմակերպել աշխատաժողովներ քննարկման մասնակից համալսարաններում՝  փոխանակվելով լավագույն փորձով և իրականացնելով սեփական բուհերի բենչմարքինգ :

Հավելենք, որ որպես սեմինարի մասնակիցներ ներգրավված էին ՀՀ Կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչները, բարձրագույն կրթության քաղաքականության մշակողները, բարձրագույն ուսումնական հաստատությունների վարչական անձնակազմը, միջազգային կապերի պատասխանատուները, դասախոսներ, ուսանողական խորհուրդների ղեկավարները: