Սեպտեմբերի 15 2017

Ավարտական դիպլոմների հանձնում Եվրասիա միջազգային համալսարանում


Այսօր՝ ս/թ սեպտեմբերի 15-ին, Եվրասիա միջազգային համալսարանում թևածում էր տոնական տրամադրություն: Համալսարանի կոնֆերանս-սրահում հանդիսավոր կերպով շրջանավարտներին հանձնվեցին ավարտական դիպլոմները: Մինչ հանձնման արարողության մեկնարկը՝ հիշարժան օրվա առթիվ իր ողջույնի և շնորհավորանքի խոսքը հղեց ԵՄՀ ռեկտոր, աշխ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Օհանյանը, ով իր խոսքում մասնավորապես նշեց. «Հարգելի շրջանավարտներ, չնայած քաջ գիտակցելով, այդուհանդերձ հերթական անգամ համալսարանը մեծ դժվարությամբ է հրաժեշտ տալիս իր սաներին, մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում դարձել էին ինչպես հարազատ զավակներ: Այդուհանդերձ ուսումնառության այս տարիների ընթացքում դուք մասնագիտացել եք՝ տարեցտարի աստիճանանաբար ուրվագծելով ձեր աշխատանքային հեռանկարները, ձեռք եք բերել այնպիսի որակները, որոնք կօգնեն ձեզ լինել լիարժեք մրցունակ և համապատասխան ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին: Այդ կապակցությամբ ձեզնից ոմանց՝ բարձր առաջադիմություն ցուցաբերածներին, համալսարանը ընձեռել է բացառիկ հնարավորություն առավել հմտանալու և ձեռք բերելու գիտելիքների հարուստ պաշար եվրոպական առաջադեմ բուհերում: Մաղթում եմ բոլորիդ կանաչ ճանապարհ և հաղթանակներ կյանքի այս նոր շրջափուլում»: Այնուհետև յուրաքանչյուր մասնագիտության գծով ամբիոնի վարիչները, շրջանավարտներին շնորհավորական խոսքեր հղելուց հետո, հանձնեցին ավարտական դիպլոմները:
Ուսանողները ևս անմասն չմնացին և իրենց երախտիքի խոսքը ուղղեցին ինչպես բուհի ղեկավարությանը, այնպես էլ յուրաքանչյուր աշխատակցին՝ խոստանալով հանդիպել որպես կայացած մասնագետ-համագործակիցներ: